12 թիմ, 33 տուր. Ի՞նչ է նշանակում ՀՊԼ-ի ընդլայնումը
Հայաստանի Պրեմիեր լիգան 2026/27 մրցաշրջանից պաշտոնապես կունենա 12 մասնակից։ Այս որոշման արդյունքում Գյումրիի Շիրակը պահպանում է իր տեղը բարձրագույն խմբում։ Միանում են նաև Առաջին լիգայից եկող Սյունիքն ու Սարդարապատը։ Վերջիններս արդեն պաշտոնապես հաստատել են իրանց մասնակցությունը։ Սարդարապատը ուժեղագույնների պայքարին է միանում Առաջին խմբի չեմպիոնի կարգավիճակով։ Սյունիքը նախորդ տարի զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը՝ զիջելով ԲԿՄԱ-2-ին և Առաջին խմբում նորամուտը նշող Հայքին։ Սա կարևոր քայլ է լիգայի աշխարհագրության ընդլայնման տեսանկյունից. մայրաքաղաքային ակումբների կողքին մենք ունենում ենք Կապանը և Արմավիրը ներկայացնող թիմեր, ինչը իսկական նվեր է տեղացի երկրպագուների համար։։
2026/27 Մրցաշրջանի Հավանական Մասնակիցները
Ալաշկերտ
Արարատ-Արմենիա
Արարատ
ԲԿՄԱ
Գանձասար
Նոա
Փյունիկ
Շիրակ
Ուրարտու
Վան
Սյունիք
ՍարդարապատԵթե հետ նայենք մեր առաջնության պատմությանը, կտեսնենք բավականին խայտաբղետ պատկեր։ 1990-ականներին մենք ունեինք մասնակիցների շատ ավելի մեծ քանակ (օրինակ՝ 1992 թվականին՝ 24 թիմ), սակայն ժամանակի ընթացքում ֆինանսական և արտոնագրման խնդիրները արեցին իրենց գործը։ 2016-2018 թվականներին մենք հասել էինք պատմական մինիմումի՝ ունենալով ընդամենը 6 թիմ։ Վերջին տարիներին իրավիճակը կայունացել էր 10 թիմի շուրջ, և այժմ 12-ի անցումը խոսում է լիգայի առողջ և օրգանական աճի մասին։
Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ 12 թիմ ունենալը մաթեմատիկական բարդ դիլեմա է։ Տեսականորեն, 10 թիմ ունեցող առաջնությունները կազմակերպելը հեշտ է. բոլորը խաղում են 4 շրջանով, ունենում ենք 36 հանդիպում, կատարյալ բալանս տնային և արտագնա խաղերի միջև (Խորվաթիան և նախկինում Շվեյցարիան հենց այս մոդելով էին առաջնորդվում)։ Սակայն պետք է նշել, որ Հայաստանը նախկինում չգնաց այդ ստանդարտ ճանապարհով. մեր 10 թիմերը խաղում էին 3 շրջանով՝ անցկացնելով ընդամենը 27-ական խաղ։ Երբ թիմերի քանակը դառնում է 12, սովորական շրջանաձև համակարգը կա՛մ տալիս է 22 խաղ (որը չափազանց քիչ է), կա՛մ 44 խաղ (որը ֆիզիկապես գերծանրաբեռնվածություն է)։ Այդ իսկ պատճառով Շոտլանդիան, Դանիան, Ավստրիան, իսկ վերջերս նաև Շվեյցարիան անցել են կիսվող կամ Split ձևաչափին, որտեղ հիմնական շրջանից հետո առաջնությունը բաժանվում է չեմպիոնական և պահպանման խմբերի։
Որպեսզի հասկանանք այս համակարգի իրական արժեքը, արժե դիտարկել Պորտուգալիայի բարձրագույն լիգայի համար արված մի ծավալուն ակադեմիական ուսումնասիրություն։ Հետազոտողները սիմուլյացիա էին արել ավելի քան 13,000 հնարավոր համադրություն՝ հասկանալու համար, թե որ ձևաչափն է ապահովում լավագույն մրցունակությունը։ Նրանց եզրակացությունը միանշանակ էր. 12 թիմով կիսվող ձևաչափն ամենաօպտիմալն է։ Այն էականորեն նվազեցնում է խոշոր հաշվով խաղերի քանակը և խտացնում է մրցաշարային աղյուսակը։ Սակայն ուսումնասիրությունը բացահայտել է նաև մեկ այլ փաստ. ձևաչափի փոփոխությունը հազվադեպ է փոխում չեմպիոնին։ 12 թիմի իրական առավելությունը երևում է աղյուսակի միջին և ստորին հատվածներում, որտեղ պահպանվում է ինտրիգը, և հետնապահները մինչև վերջ պայքարում են գոյատևման կամ եվրագավաթների համար։ Այս տարի, հավանաբար, բարձրագույն խմբում տեղը պահպանելու իրական պայքար կտեսնենք։։
Հայաստանի Պրեմիեր լիգայի իրականությունը, սակայն, այս փուլում հավանաբար մի փոքր այլ կլինի, քան եվրոպական ստանդարտ կիսվող ձևաչափը: Մեր լիգան, ամենայն հավանականությամբ, կշարունակի կիրառել 3 շրջանով ձևաչափը, որը կնշանակի 33 հանդիպում յուրաքանչյուր թիմի համար։ Այո, սա ենթադրում է տնային և արտագնա խաղերի որոշակի անհավասարություն, բայց մենք և մեր ակումբները դրան արդեն սովոր ենք, քանի որ նախորդ տարիներին էլ խաղում էինք նույն տրամաբանությամբ։
Իսկ ի՞նչ է սա նշանակում պրակտիկորեն մեր պլատֆորմի «Կանխատեսումներ» խաղի մասնակիցների համար։ Ամեն ինչ դառնալու է էլ ավելի հետաքրքիր, բայց և ավելի բարդ։ Խաղային շաբաթների ընթացքում 5 հանդիպման փոխարեն դուք արդեն ունենալու եք 6 խաղ. սա 20 տոկոսով ավելի շատ ֆուտբոլ է: Առաջնության մարաթոնը կձգվի 33 տուր, ինչը նշանակում է, որ հաղթելու համար անհրաժեշտ կլինի պահպանել երկարաժամկետ կայունություն և ունենալ հայկական ֆուտբոլի նրբությունների շատ ավելի խորը իմացություն։ Սխալվելու հավանականությունը մեծանում է, բայց ճիշտ կանխատեսումների արժեքը՝ բազմապատկվում։