Իննսունութ խնդիր. ինչու Ազգերի լիգայի առաջին չորս խաղերը չստացվեցին
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում անցկացրեց չորս խաղ և վաստակեց չորս միավոր։ Հաղթեցինք Լատվիային, տանը պարտվեցինք Չեռնոգորիային, զիջեցինք Կիպրոսին և ոչ-ոքի խաղացինք Պոդգորիցայում։ Խմբային փուլի ավարտին մնացել է երկու տուր, մենք երրորդն ենք, և այժմ իրատեսական նպատակն երկրորդ տեղն ու փլեյ-օֆֆն է։
Անհաջողությունը հիմնականում բացատրվում էր հանգամանքներով. տասնչորս բացակա, տասնմեկ օրում չորս խաղ, երիտասարդ ու անփորձ կազմ, իսկ մրցակիցները, իբր, մեզնից ուժեղ էին։ Ինչ-որ բան այստեղ ճիշտ է, բայց թվերին նայելիս այս բացատրությունների մեծ մասը համոզիչ չի թվում։
Մենք մանրամասն ուսումնասիրեցինք չորս խաղերը՝ ՈՒԵՖԱ-ի թրեքինգի տվյալները, Sofascore-ի վիճակագրությունը, Էլոյի վարկանիշը, հավաքականների կազմերը, Transfermarkt-ի գնահատականները, ՀՊԼ-ի այս մրցաշրջանի թվերը և գլխավոր մարզչի բոլոր հրապարակային խոսքերը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 5-ը։ Ֆուտբոլիստների նվիրվածությունը կասկածից վեր է։ Նրանք վազեցին, ոմանք խաղացին ցավով, և Եղիշե Մելիքյանը միանգամայն իրավացի է, երբ գովում է նրանց։ Խոսքն որոշումների մասին է՝ ինչպես էինք տրամադրվում խաղերին, ինչպես էինք գրոհում, ում էին հրավիրում և խաղացնում, և ինչ էր հնչում ասուլիսներում։
Չորս խաղ, չորս միավոր
Երևանում Լատվիային հաղթեցինք 2–0 հաշվով, Չեռնոգորիայի դեմ երկու անգամ վերականգնեցինք հավասարությունը, բայց պարտվեցինք 2–3, Նիկոսիայում զիջեցինք 0–2, իսկ Պոդգորիցայում խաղն ավարտվեց անգոլ ոչ-ոքի։
| # | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | Գոլեր | ԳՏ | Մ | Արդյունքներ |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 4 | 3 | 1 | 0 | 7–4 | +3 | 10 | ՀՀՀՈ | |
| 2 | 4 | 2 | 1 | 1 | 5–3 | +2 | 7 | ՊՈՀՀ | |
| 3 | 4 | 1 | 1 | 2 | 4–5 | -1 | 4 | ՀՊՊՈ | |
| 4 | 4 | 0 | 1 | 3 | 2–6 | -4 | 1 | ՊՈՊՊ |
Չեռնոգորիային հասնել այլևս հնարավոր չէ։ Տեսականորեն Հայաստանը կարող է հավաքել տասը միավոր, բայց դեմ առ դեմ խաղերում առավելությունը Չեռնոգորիայի կողմն է (հաղթանակ և ոչ-ոքի)։ Երկրորդ տեղի համար պայքարը դեռ շարունակվում է։ Նոյեմբերի 12-ին Կիպրոսն Երևան կգա մեզնից երեք միավոր առաջ, իսկ խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմը մարտին փլեյ-օֆֆում կպայքարի Լիգա B դուրս գալու համար։








Յուրաքանչյուր քարտի ներքևում նշված է հաղթելու հավանականությունն ըստ Էլոյի վարկանիշի։ Երկու տնային խաղերում էլ Հայաստանը ֆավորիտ էր, Նիկոսիայում շանսերը գրեթե հավասար էին։ Միակ խաղը, որտեղ մեզ պարտություն էր կանխատեսվում, վերջինն էր, և հենց այդ խաղում թիմը լավագույնս հանդես եկավ։
Ո՞վ էր ֆավորիտը
Չեռնոգորիայի հետ տնային խաղից մեկ օր առաջ Մելիքյանին հարցրին՝ կարո՞ղ է այս խաղն որոշիչ դառնալ խմբում։ Նա ասաց, որ թիմը հաղթանակի է ձգտում, բայց «կարևոր է նաև չպարտվել Չեռնոգորիային», և ավելացրեց.
Նույն ասուլիսում Նաիր Տիկնիզյանին հարցրին, թե ով է խմբի ֆավորիտը։ «Կարծում եմ՝ Չեռնոգորիան»,— պատասխանեց նա։ Իսկ Չեռնոգորիայի դարպասապահ Բալշա Պոպովիչը նույն օրերին ասում էր. «Կարծում եմ՝ մենք ավելի որակյալ ենք և ավելի ուժեղ։ Երևան ենք գնում հաղթելու»։
Ստացվում է՝ մի թիմն եկել էր հաղթելու, մյուսը պատրաստ էր բավարարվել մեկ միավորով։ Մինչդեռ Էլոյի վարկանիշը բոլորովին այլ պատկեր էր ցույց տալիս։
Էլոյի վարկանիշը հավաքականներին գնահատում է ըստ արդյունքների՝ հաշվի առնելով մրցակցի ուժը և խաղավայրը։ Տնային գործոնով Երևանում Չեռնոգորիային հաղթելու մեր հավանականությունը 53% էր, այսինքն՝ շանսերը գրեթե հավասար էին։ Ավելին, Չեռնոգորիան Երևանում իր նախորդ երկու խաղերում էլ պարտվել էր՝ 2016-ին 2–3, 2022-ին՝ 0–1։
Արդարության համար պետք է ասել, որ թղթի վրա Չեռնոգորիան խմբի ամենաուժեղ թիմն է։ Transfermarkt-ը նրանց կազմը գնահատում է €88.1 մլն, մերը՝ €45.3 մլն, իսկ նրանց երեք հարձակվող՝ Նիկոլա Կրստովիչը, Միլուտին Օսմայիչը և Վասիլիե Աջիչը, խաղում են Իտալիայի Սերիա A-ում։ Բայց մեզ անընդհատ բացատրում էին փորձով, և հենց այստեղ այդ փաստարկը չի աշխատում։
Երևանում Չեռնոգորիայի մեկնարկային կազմի խաղացողների կեսը հավաքականում ուներ 10 կամ ավելի քիչ խաղ, իսկ միջին տարիքը 25.9 էր։ Մեր կազմում այդ սահմանը 23–24 խաղ էր, միջին տարիքը՝ 26.8։ Պոդգորիցայում պատկերը նույնն էր. Չեռնոգորիայի մոտ՝ 10, մեզ մոտ՝ 18, իսկ տարիքով կազմերը գրեթե չէին տարբերվում։
Այս երկու խաղերի միջև Չեռնոգորիան Ռիգայում խաղաց հիմնական կազմով, որի խաղացողների կեսն ուներ 38 և ավելի խաղ, իսկ միջին տարիքը 29.4 էր։ Մեր դեմ դուրս եկած ավելի երիտասարդ կազմն երկու խաղում վերցրեց չորս միավոր։
Տնային խաղում Հայաստանը դուրս եկավ հինգ պաշտպանով՝ Չեռնոգորիայի երկու հարձակվողի դեմ։ Առաջին խաղակեսն անցավ հավասար՝ 0.51 xG ընդդեմ 0.50-ի։ Երկրորդը՝ ոչ։
Խաղից հետո Մելիքյանը պնդում էր, թե երկրորդ խաղակեսում «մենք էինք գերակշռում և լավ ճնշում էինք»։ Թվերը ճիշտ հակառակն են ասում։ Ընդմիջումից հետո Չեռնոգորիան ստեղծեց 1.01 xG, մենք՝ 0.38։ Նրանք 32 անգամ հասան մեր դաշտի վերջին երրորդ, մենք նրանցում՝ 22 անգամ։ Ամբողջ խաղում գնդակը 55%-ով մեզ մոտ էր, բայց մրցակցի տուգանային հրապարակում գնդակին դիպանք ընդամենը 11 անգամ, մինչդեռ Չեռնոգորիան մերում՝ 20։
Մի լավ հատված, այնուամենայնիվ, եղավ։ Սպերցյանի անհատական գեղեցիկ գոլից հետո 67-րդից 73-րդ րոպեներում չորս անգամ հարվածեցինք, ամենավտանգավորը Նարեկ Հովհաննիսյանի պահն էր (0.15 xG)։ Բայց դա ավելի շատ հուզական թափ էր, քան խաղի նկատմամբ վերահսկողություն, և երկար չտևեց։ 73-րդ րոպեից հետո մենք այլևս ոչ մի հարված չկատարեցինք, իսկ Չեռնոգորիան հարվածեց երեք անգամ, և վերջինը Լատկովիչի հաղթական գոլն էր 89-րդ րոպեին։ Այդ տասը րոպեից բացի՝ ընդմիջումից հետո Չեռնոգորիան ավելի լավն էր։
Մենամարտերը
Այդ երեկոյի ամենապարզ բացատրությունն այն է, որ Հայաստանը զիջեց ուժային պայքարում։ Մենք էլ էինք սպասում, որ թվերը դա կհաստատեն։ Չհաստատեցին։
Այդ խաղում Հայաստանը շահեց գետնի մենամարտերի 56%-ը և օդային մենամարտերի 55%-ը։ Չորս խաղերում գետնի մենամարտերով մենք խմբում լավագույնն էինք (53.1%), իսկ Պոդգորիցայում այս ցուցանիշը 59% էր։ Թիմային մակարդակում մենամարտերը չենք զիջել։
Բայց ընդհանուր թիվը չի երևացնում, թե որքան անհավասար էին դրանք բաշխված խաղացողների միջև։
Էդուարդ Սպերցյանը 16 մենամարտից շահեց 11-ը, Արտյոմ Բանդիկյանը՝ 8-ից 7-ը, և մեր առավելության մեծ մասը նրանց հաշվին է։ Կենտրոնում, որտեղ պետք է կասեցնել մրցակցի գրոհները, Ուգոչուկվու Իվուն 55 րոպեում ընդամենը երկու մենամարտի մեջ մտավ, երկուսն էլ տանուլ տվեց և ոչ մի ընդհատում չունեցավ։ Առաջնագծում Արթուր Միրանյանն ու Ժիրայր Շաղոյանը միասին 6 մենամարտից ոչ մեկը չշահեցին։
Իվուին փոխարինած Կառլեն Հովհաննիսյանը 35 րոպեում կատարեց երեք ընդհատում, երկու խախտում և շահեց ութ մենամարտից հինգը։ Եթե տրիբունայից թվում էր, թե նա առաջին կիսապաշտպանն էր, որ չէր խուսափում կոնտակտից, թվերը միայն հաստատում են այդ տպավորությունը։
Խախտումների թիվն էլ է վկայում, որ չափազանց «բարի» էինք։ Չեռնոգորիան կատարեց 16 խախտում, մենք՝ 10. նրանք պատրաստ էին կասեցնել գրոհը հենց սկզբում, մենք՝ ոչ։ Բայց գլխավոր խնդիրն այն էր, թե ինչ էինք անում գնդակը խլելուց հետո։ Չեռնոգորիան 45% տիրապետմամբ 61 անգամ հասավ մեր դաշտի վերջին երրորդ, մենք 55%-ով՝ 46 անգամ։
Գնդակ կար, վտանգ՝ ոչ
Չորս խաղում Հայաստանը գրոհում խմբի ամենազգույշ թիմն էր։ Դա երևում է ստեղծված պահերի որակի բոլոր ցուցանիշներում։ Սկսենք նրանից, թե որտեղից էինք հարվածում։
Մեր հարվածների մեծ մասը կատարվել է տուգանային հրապարակից դուրս, Չեռնոգորիայինը՝ ներսից։ Առանց 11-մետրանոցների մեր հարվածների միայն 47%-ն է կատարվել տուգանայինից, Լատվիայինը՝ 62%-ը, Կիպրոսինը՝ 62%-ը, Չեռնոգորիայինը՝ 72%-ը։ Մեր տիպիկ հարվածը կատարվել է 21.7 մետրից, իսկ միջին հարվածի արժեքը կազմել է 0.061 xG, որը խմբում ամենացածր ցուցանիշն է։
Եթե հաշվենք միայն իսկապես վտանգավոր հարվածները (0.15 xG և ավելի), չորս խաղում Հայաստանն ունեցավ ընդամենը չորս այդպիսի պահ։ Լատվիան, որը մեկ միավորով փակում է աղյուսակը, ունեցավ վեց, Կիպրոսը՝ ութ, Չեռնոգորիան՝ տասնվեց։
Հաճախ ասում են, թե Հայաստանը չափազանց շատ էր հետ փոխանցում։ Տվյալները մի փոքր այլ բան են ցույց տալիս։ Գնդակն առաջ տանելու հեռավորությամբ մենք խմբում առաջինն էինք (100 փոխանցման հաշվով՝ 163 մետր), և խաղում միջինը կատարում էինք 55 երկար փոխանցում։ Գնդակն առաջ էր գնում, բայց հազվադեպ էր հասնում տուգանային. 100 փոխանցման հաշվով ընդամենը 2.9 հպում մրցակցի տուգանային հրապարակում, խմբում ամենացածր ցուցանիշը։ Դաշտում էլ հենց այդպես էր երևում. շատ կողային և երկար փոխանցումներ, գրեթե ոչինչ գծերի միջև կամ պաշտպանների թիկունք։
Արդյունքում կենտրոնական հարձակվողը գրեթե գնդակ չէր ստանում։
Միրանյանը բոլոր չորս խաղերում հիմնական կազմում էր և 90 րոպեում ստանում էր ընդամենը 11 փոխանցում։ Կրստովիչը ստանում էր 23, Լատվիայի Ռոբերտս Ուլդրիկիսը՝ 21։ Պոդգորիցայում Միրանյանը 74 րոպեում ինը փոխանցում ստացավ։
Չորս խաղում Հայաստանը միջինը ստեղծում էր 0.74 xG, Լատվիան՝ 0.66։ Մենք այս խաղերին մոտեցանք որպես խմբի երկրորդ թիմ ըստ Էլոյի և կազմի արժեքի, բայց գրոհում խաղացինք վերջին տեղի թիմի պես։
Նիկոսիա. 38 րոպե տասի դեմ
Առաջին խաղակեսում Կիպրոսը գրեթե ոչնչից երկու գոլ խփեց։ Լեոնիդաս Կոնոմիսը բացեց հաշիվը, երբ Արսեն Բեգլարյանը չկարողացավ պահել անկյունայինից հետո թռչող գնդակը։ Անդրոնիկոս Կակուլիսն ավարտին հասցրեց հակագրոհը, որը սկսվեց կենտրոնում Կառլեն Հովհաննիսյանի կորցրած գնդակից։ Երկու հարվածի արժեքը միասին 0.28 xG էր։
Չորս խաղում բաց թողեցինք հինգ գոլ՝ մեկ ինքնագոլ և չորս հարված, որոնց ընդհանուր արժեքը 0.65 xG էր։ Այս երկու պարտություններում մեր դարպասապահները բաց թողեցին 2.65 գոլով ավելի, քան սովորաբար բաց են թողնում նման հարվածներից։ Սա լուրջ խնդիր է, բայց առանձին թեմա։
Նիկոսիայի խաղի երկրորդ կեսն արժե նորից դիտել։ 52-րդ րոպեին Կոստաս Պիլեասը հեռացվեց, և մենք գրեթե 40 րոպե ունեինք տասի դեմ երկու գոլ խփելու համար։
Ընդմիջումից հետո գնդակը 84%-ով մեզ մոտ էր, և 52 անգամ մտանք մրցակցի դաշտի վերջին երրորդ։ Վերևից կատարեցինք 23 փոխանցում, որոնցից միայն երեքն էին ճշգրիտ։ Ունեցանք տասնմեկ հարված՝ ընդհանուր 0.59 xG, որոնցից ութը՝ հեռվից։ Հեռացումից հետո ամենավտանգավոր պահն Իվուի հարվածն էր անկյունայինից հետո՝ 0.21 xG։ Խաղային իրավիճակից ամենավտանգավոր պահն արժեր ընդամենը 0.09։ Կիպրոսն ամբողջ խաղակեսում մեկ անգամ հարվածեց։
Այսպիսի խաղեր Հայաստանը շատ է խաղացել. մրցակիցը քաշվում է պաշտպանության և սպասում։ Պաշտպանությունը քանդելու որևէ պլան չէր երևում, և թիմը պարզապես շարունակում էր գնդակը վերևից նետել։
Իսկ հետո սպառվեցին նաև հարձակվողները։ Միրանյանի փոխարինումից հետո դաշտում ոչ մի կենտրոնական հարձակվող չէր մնացել։ «Երբ հարձակվողներ այլևս չունեինք, Գեորգի Հարությունյանին ուղարկեցի առաջ»,— ասաց Մելիքյանը խաղից հետո։ Հարությունյանը կենտրոնական պաշտպան է։ Հավաքականը հրավիրել էր 29 ֆուտբոլիստ։ Վինգեր Շաղոյանն այդ խաղի հայտում չէր՝ «ռոտացիայի» պատճառով։ Արայիկ Էլոյանը՝ կազմի միակ մաքուր հարձակվողը, որ ՀՊԼ-ում լավ մարզավիճակում էր (առաջնությունում չորս գոլ), չորս օր առաջ ուղարկվել էր Մ-21 հավաքական։ Իսկ ՀՊԼ-ում նույնպես չորս գոլ խփած վինգեր Գևորգ Տարախչյանն ընդհանրապես չէր հրավիրվել։
Այսինքն՝ կազմում իսկական կենտրոնական հարձակվող կար՝ Էլոյանը, բայց այդ երեկո նա թիմի հետ չէր։ Սակայն ավելի կարևոր է այլ բան. տասի դեմ խաղը կոտրելու համար պարտադիր չէ մաքուր հարձակվող ունենալ։ Պետք են խաղացողներ, որոնք կարող են գնդակը վարել, խաղալ նեղ տարածքում և հարվածել, և այդպիսի մեկը դաշտում կար։ Կարեն Նալբանդյանը դուրս եկավ 63-րդ րոպեին և կես ժամից էլ քիչ ժամանակում երեք անգամ հարվածեց՝ բոլորը 20 մետրից ավելի հեռվից, և շահեց հինգ մենամարտից չորսը։ ՀՊԼ-ից հրավիրված կայուն խաղացողներից նա ամենաբարձր գնահատականն ունի (Sofascore-ում 7.53, այս մրցաշրջանում «Ալաշկերտում» չորս գոլ և չորս գոլային փոխանցում)։ Երեք օր անց Պոդգորիցայում, մի խաղում, որտեղ գրեթե վտանգ չէինք ստեղծում, և հեռվից հարվածող կիսապաշտպանը կարող էր օգտակար լինել, նա ամբողջ 90 րոպեն անցկացրեց պահեստայինների նստարանին։ Հինգ փոխարինումից Հայաստանը կատարեց միայն չորսը։
Պոդգորիցա
Չորս խաղերից լավագույնը վերջինն էր։
Չեռնոգորիան գնդակին տիրապետում էր 64%-ով և 92 անգամ մտավ մեր դաշտի վերջին երրորդ, բայց ստեղծեց ընդամենը 0.52 xG։ Մյուս երեք խաղերում նրանք ստեղծել էին 3.13, 2.41 և 1.51։ Հայաստանը շահեց գետնի մենամարտերի 59%-ը, չորս խաղերի լավագույն ցուցանիշը, և ՈՒԵՖԱ-ի տվյալներով վազեց 112.6 կմ՝ ավելի, քան Չեռնոգորիան և ավելի, քան մեր մյուս երեք խաղերից որևէ մեկում։ Նիկոսիայի սխալից երեք օր անց Բեգլարյանը հինգ սեյվ կատարեց։
Այս խաղում մի քանի բան էր փոխվել։ Հայաստանը խաղաց չորս պաշտպանով։ Դեռ հավաքից առաջ Մելիքյանն ասել էր, որ հենց այդպես էր նախատեսում խաղալ («պլանավորում էինք խաղալ չորս պաշտպանով»), բայց վնասվածքների պատճառով վերադարձավ հինգ պաշտպանի սխեմային։ Սպերցյանը վնասվածքի պատճառով խաղը սկսեց պահեստայինների նստարանին։ Եվ քանի որ առաջին տեղն արդեն գրեթե անհասանելի էր, ճնշումն էլ ավելի քիչ էր։
Վերջին կետը մեր կարծիքն է, թվերը դա չեն կարող ապացուցել, բայց այն լավ համընկնում է պատկերի հետ։ Միակ խաղը, որտեղ Հայաստանը չէր խաղում «չպարտվելու համար», այն խաղն էր, որտեղ թիմն իրեն ամենավստահն էր զգում։ Գրոհում, իհարկե, քիչ բան ստացվեց (0.21 xG), և Լոնչարի հեռացումից հետո վերջին րոպեներն էլ չօգտագործեցինք։ Բայց խմբի ամենաուժեղ թիմին գրեթե ոչինչ ստեղծել չթողեցինք, և դա՝ վնասվածքների նույն ցուցակով։
Երիտասա՞րդ և անփո՞րձ
«Երիտասարդ» և «անփորձ» բառերն անընդհատ էին հնչում։ Պոդգորիցայից առաջ. «Հիմա շատ երիտասարդ թիմ ունենք, ուստի դժվար կլինի»։ Խաղից հետո. «Սա երիտասարդ հավաքական է»։ Վերևի գրաֆիկը ցույց է տալիս, թե ինչու այս բացատրությունը չի աշխատում. այն թիմի դեմ, որից ամենաշատն էինք զգուշանում, Հայաստանն ո՛չ պակաս փորձառու էր, ո՛չ էլ ավելի երիտասարդ։
Մարզիչն ինքն էլ այս հարցում հետևողական չէր։ Հավաքից առաջ նա բացատրեց, թե ինչու է վերադարձրել այն ֆուտբոլիստներին, որոնցից նախկինում հրաժարվել էր.
Այդպես հավաքը սկսվեց Օգնյեն Չանչարևիչի (37) և Կարեն Մուրադյանի (33) վերադարձով, իսկ Արգիշտի Պետրոսյանն առաջին անգամ հավաքականի կազմում խաղաց 33 տարեկանում։ Նույն տրամաբանությամբ էր ընտրվել դարպասապահը Նիկոսիայում։ Հարցին, թե ինչու չխաղացրեց Ալեքսանդր Միշիևին կամ Գոռ Մատինյանին, Մելիքյանը պատասխանեց. «Նրանց համար դեռ վաղ է։ Նրանք պետք է փորձ ձեռք բերեն… այդ պատճառով որոշեցինք ապավինել փորձին։ Բայց չստացվեց»։
Եվ հենց փորձառու դարպասապահի սխալն էլ որոշեց խաղի ելքը։ Սա չի նշանակում, թե երիտասարդն ավելի լավ կխաղար։ Բայց ցույց է տալիս, որ «փորձը» պարզապես փաստարկ էր, և ոչ ոք չէր ստուգում՝ այն իրականում օգնո՞ւմ է, թե՞ ոչ։
Պատրա՞ստ, բայց ինչի՞ համար
Եթե չափանիշը փորձը չէ, ապա պետք է լինի մարզավիճակը։ Մելիքյանին այս մասին հարցրել էին դեռ հավաքից առաջ։ Լրագրողը հիշատակեց ՀՊԼ-ում կանոնավոր գոլեր խփող երկու ֆուտբոլիստի՝ «Սարդարապատի» Լևոն Վարդանյանին և «Փյունիկի» Գևորգ Տարախչյանին։ Վարդանյանի մասին Մելիքյանն ասաց, որ նրան հրավիրելը «դեռ վաղ է», իսկ Տարախչյանի մասին՝
Հետո Հայաստանը կորցրեց տասնչորս ֆուտբոլիստի, Նիկոսիայում մնաց առանց հարձակվողների, իսկ Տարախչյանն այդպես էլ չհրավիրվեց։ Ահա թե որքան էին իրենց ակումբներում խաղացել մեր հարձակվողները։
Արթուր Միրանյանը հուլիսի կեսից մինչև հավաքն ակումբում խաղացել էր ընդամենը 66 րոպե։ Մելիքյանն ինքն էր ընդունում, որ Միրանյանը «ամռանն ակումբում խնդիրներ ուներ և քիչ էր խաղում», բայց չորս խաղում էլ նրան հիմնական կազմում հանեց։ Նարեկ Գրիգորյանն ակումբում խաղացել էր 45 րոպե, և Մելիքյանը խոստովանում էր, որ չի էլ հիշում՝ «երբ է նա վերջին անգամ խաղացել»։ Էդգար Սևիկյանը, մարզչի խոսքով, «կանոնավոր խաղային պրակտիկա չունի»։
Համեմատության համար. Տարախչյանը ՀՊԼ-ում խաղացել էր 406 րոպե և խփել չորս գոլ, իսկ առնվազն 300 րոպե խաղացած հայ ֆուտբոլիստներից նա ամենաբարձր xG ցուցանիշն ուներ (90 րոպեում՝ 0.77)։ Վարդանյանը «Սարդարապատի» բոլոր ութ խաղերում հիմնական կազմում էր և ունի երկու գոլ ու հինգ գոլային փոխանցում։ Նրա թիմակից Լևոն Պետրոսյանը խփել էր չորս գոլ։
ՀՊԼ-ից հրավիրվածներն էլ գրեթե հնարավորություն չստացան։ Կարեն Նալբանդյանն այս մրցաշրջանում «Ալաշկերտի» կազմում խփել է չորս գոլ և կատարել չորս գոլային փոխանցում, իսկ նրա 7.53 գնահատականն ամենաբարձրն է ՀՊԼ-ից հրավիրված կայուն խաղացողների մեջ։ Չորս խաղում նա խաղաց 28 րոպե, և բոլորը՝ Նիկոսիայում։ «Նոայում» երեք գոլ և երեք գոլային փոխանցում ունեցող Գոռ Մանվելյանը խաղաց 135 րոպե, որից միայն մեկը՝ Երևանում Չեռնոգորիայի դեմ։ Երկուսն էլ ունեն հենց այն, ինչ պակասում էր մեր գրոհին. գնդակ են ստանում գծերի միջև և հարվածում են։ Եվ երկուսն էլ հավաքի մեծ մասն անցկացրին նստարանին, մինչդեռ ակումբում 66 րոպե խաղացած Միրանյանը խաղաց 261 րոպե։
Սա չի նշանակում, թե Մելիքյանն անտեսել է ՀՊԼ-ն։ Առնվազն 300 րոպե խաղացած դաշտային խաղացողներից հրավիրվածներն ընդհանուր առմամբ Sofascore-ում մի փոքր ավելի բարձր գնահատական ունեն (6.85), քան չհրավիրվածները (6.70)։ Խնդիրն ավելի կոնկրետ է. այն դիրքերում, որտեղ խաղացողներ էին պակասում, ՀՊԼ-ում լավ մարզավիճակում գտնվողների փոխարեն նախընտրեցին նրանց, ովքեր իրենց ակումբներում չէին խաղում։
Պաշտպանությունում նույն պատկերն է։
Չհրավիրված երեք պաշտպան ավելի բարձր գնահատական ունի, քան 34-ամյա Արգիշտի Պետրոսյանը, որը Երևանում Չեռնոգորիայի դեմ խաղաց հիմնական կազմում. «Սարդարապատի» Սերգեյ Կոչկանյանը (7.04), «Ալաշկերտի» Հակոբ Հակոբյանը (6.95) և «Շիրակի» 21-ամյա Սուրեն Ծառուկյանը (6.93), որն այս ընթացքում Մ-21 հավաքականում էր։ «Շիրակի» պաշտպանները՝ Ծառուկյանը, Հովհաննես Փահլևանյանը, Տիգրան Սումբուլյանը և Համլետ Մնացականյանը, խաղացել են իրենց ակումբի գրեթե բոլոր րոպեները։ Նրանք ունեն հենց այն խաղային պրակտիկան, որը, Մելիքյանի խոսքով, պակասում էր իր ընտրածներից ոմանց։ Sofascore-ի գնահատականը կոպիտ չափանիշ է, բայց առաջնության բոլոր խաղացողների համար այն նույնն է։
Սովորաբար առարկում են, որ ՀՊԼ-ն միջազգային մակարդակ չէ։ Թող այդպես լինի, բայց տեսնենք, թե իրականում ովքեր են մեր մրցակիցները։
Լատվիայի ամբողջ հավաքականը գնահատվում է €14.8 մլն, «Նոան»՝ €14.1 մլն։ Լատվիայի 27 ֆուտբոլիստից չորսը խաղում են «Ռիգայում», որին հուլիսին «Արարատ-Արմենիան» դուրս թողեց Չեմպիոնների լիգայի որակավորումից, ևս չորսը՝ RFS-ում։ Այս երկու ակումբի չորս ֆուտբոլիստ մեր դեմ խաղաց հիմնական կազմում։ Իսկ Չեռնոգորիայի պահեստային դարպասապահը խաղում է Լատվիայի առաջնությունում։
Կիպրոսի դեպքում պատկերն այլ է. նրանց առաջնությունը ՀՊԼ-ից շատ ավելի ուժեղ է, և մենք չենք պնդում, թե բոլոր մրցակիցները ՀՊԼ-ի մակարդակի էին։ Մենք ասում ենք, որ սրանք Հայաստանի մակարդակի հավաքականներ են. Էլոյի համաշխարհային վարկանիշում նրանք 85-րդն են, 118-րդը և 149-րդը, իսկ Հայաստանը՝ 116-րդը։ Այսպիսի մրցակիցների դեմ ՀՊԼ-ում լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստը միանգամայն տրամաբանական տարբերակ է։ Հավաքականը սպառեց իր տարբերակները, բայց այդպես էլ չդիմեց նրանց։
Խաղացանկը
«Տասնմեկ օրում չորս խաղ»՝ սա ամենահաճախ հնչող բացատրությունն էր։ Բայց խմբի բոլոր թիմերն ունեին ճիշտ նույն խաղացանկը՝ նույն օրերին, և բոլորն էլ թռիչքներ էին կատարում։
Ռոտացիայի առումով էլ Հայաստանը մյուսներից հետ չէր։ Մենք օգտագործեցինք 23 ֆուտբոլիստ, Չեռնոգորիան՝ 24, Կիպրոսն ու Լատվիան՝ 21-ական։ Չորս խաղում Հայաստանը մեկնարկային կազմում կատարեց տասը փոփոխություն, Լատվիան՝ նույնքան, Կիպրոսը՝ տասնմեկ, Չեռնոգորիան՝ տասնհինգ։ Խմբի առաջատարն ամենաշատն էր փոխում կազմը և, այնուամենայնիվ, երկրորդ կազմով մեզնից վերցրեց չորս միավոր։
Տարբերությունն այն է, որ մեր փոփոխությունները գրեթե բոլորը ստիպողական էին. Բուենոյի, Չանչարևիչի և Բանդիկյանի վնասվածքները, Սերոբյանի և Սևիկյանի որակազրկումները, Սպերցյանի վնասվածքը։ Իսկ երբ Մելիքյանն ազատ ընտրության հնարավորություն ուներ, հիմնականում նույն խաղացողներին էր թողնում դաշտում։ Ամենավառ օրինակը Լատվիայի հետ խաղն է։
75-րդ րոպեից Հայաստանը Լատվիայի դեմ առաջ էր 2–0 հաշվով, իսկ առջևում ութ օրում ևս երեք խաղ էր։ Այդ երեկո ամբողջ 90 րոպե խաղացին.
Իվուն, որը նոր էր վերադարձել երկարատև վնասվածքից։ Երեք օր անց Չեռնոգորիայի դեմ Մելիքյանը նրան փոխարինեց 55-րդ րոպեին. «Զգացի, որ շատ է հոգնած… Նրա համար դժվար կլինի խաղալ բոլոր չորս խաղերում»։
Բանդիկյանը, որի մասին Մելիքյանը նույն երեկո ասաց. «Ծնկի խնդիր ունի։ Ուրիշ խաղացողը նման վիճակում արդեն վիրահատության կգնար»։ Նիկոսիայում նա վնասվածք ստացավ։
Սպերցյանը, թիմի ավագը, որը, ինչպես Պոդգորիցայից հետո ասաց Մելիքյանը, «չորս խաղն էլ խաղաց ցավով»։
Տիկնիզյանը, Փիլոյանը և Հարությունյանը նույնպես խաղացին ամբողջ խաղը և հավաքն ավարտեցին 360-ից համապատասխանաբար 360, 359 և 352 րոպեով։ Լատվիայի խաղից հետո Մելիքյանն ասաց. «Եթե մեկ խաղ մնացած լիներ, կարող էի նրանց օգտագործել մինչև վերջ… Բայց դեռ երեք խաղ ունենք, պետք է առաջ մտածել»։ Մեր կարծիքով՝ Լատվիայի դեմ վերջին տասնհինգ րոպեն հենց առաջ մտածելու պահն էր։ ՀՊԼ-ում ամեն շաբաթ խաղացող ցանկացած ֆուտբոլիստ կկարողանար պահել 2–0-ն Լատվիայի դեմ։
«Այլևս չեմ ուզում խոսել խնդիրների մասին»
Մելիքյանը հենց այս խոսքերով սկսեց սեպտեմբերի 24-ի հարցազրույցը։ Մենք հաշվեցինք, թե դրանից հետո որքան հաճախ էր նա խոսում խնդիրների մասին։
Ինն ասուլիսում՝ պատասխանների մոտ 8 000 բառում, Մելիքյանը «վնասվածք», «դժվար», «խնդիր», «բացակայություն» և «կորուստ» բառերն օգտագործեց 98 անգամ, մոտավորապես ամեն 81 բառից մեկը։ Չորս անգամ ասաց, որ արդարացումներ չի փնտրում։ Մարտավարության մասին խոսեց չորս անգամ, պրեսինգի մասին՝ մեկ, տարածքի մասին՝ ոչ մի անգամ։
Սրանք խմբագրված թարգմանություններ են, ուստի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է։ Ոչ ոք չի ակնկալում, որ մարզիչը ձևացնի, թե վնասվածքներ չկան։ Բայց ֆուտբոլիստները լսում են, թե ինչ է ասում իրենց մարզիչը, և երկու շաբաթ շարունակ գլխավոր թեման այն էր, ինչ թիմը չունի։ Զարմանալի չէ, որ թիմը հաճախ խաղում էր այնպես, կարծես պաշտպանելու բան ուներ։
Ապագան
Մեկ այլ բառ էլ անընդհատ կրկնվում էր։ 2–3-ից հետո. «Համոզված եմ, որ այս թիմը լավ ապագա ունի»։ Կիպրոսից առաջ. «Այս ֆուտբոլիստները մեծ ապագա ունեն»։ Պոդգորիցայից հետո. «Այս թիմն ապագա ունի։ Սա երիտասարդ հավաքական է»։
Վերջին տարիների մեր մարզիչներից գրեթե բոլորը նման բան ասել են։ Յուրաքանչյուրը սկսում է թիմը նորից կառուցել և խնդրում է իրեն գնահատել ապագայով, որը դեռ չի եկել։ Ահա թե ինչ տեսք ունեն վերջին հինգ տարիները։
Հայաստանի Էլոյի վարկանիշն իր գագաթնակետին հասավ 2021-ի սեպտեմբերին՝ 1588։ Նիկոսիայից հետո այն իջավ 1341-ի, 1997-ի ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին։ Չորս մշտական մարզչի օրոք վարկանիշն ընկել է 247 միավորով։ Մելիքյանը հավաքականի հետ անցկացրել է 13 խաղ. երկու հաղթանակ, երեք ոչ-ոքի և ութ պարտություն, 10 խփած և 28 բաց թողած գոլ։
Հավաքականների ֆուտբոլում «հեռանկար» հասկացությունը գրեթե չկա։ Խաղերն անցնում են երկու կամ չորս խաղից բաղկացած հավաքներով, և միավորները հաշվվում են անմիջապես։ Մարզչի խնդիրն է ընտրել այն ֆուտբոլիստներին, ովքեր հենց հիմա են լավագույնը և լավ մարզավիճակում են՝ կոնկրետ մրցակիցների դեմ։ Տարիքն ու հավաքականում խաղերի քանակն այստեղ նշանակություն չունեն։
Ինչը ստացվեց
Կան նաև բաներ, որոնք Հայաստանի օգտին են, և դրանք էլ պետք է նշել։
Ըստ ստեղծված պահերի որակի՝ չորս խաղը մեզ համար արժեր մոտ 5.5 միավոր, իսկ վաստակեցինք չորս։ Կիպրոսի խաղերն արժեին մոտ 5.4, և նրանք հավաքեցին յոթ։ Տարբերության մեծ մասը դարպասապահների խաղն ու իրացումն է։ Ըստ xG-ի՝ մեր պաշտպանությունը խմբում լավագույնն էր (մեկ խաղում բաց թողած 0.70 xG), իսկ դարպասապահների երկու սխալը մեզ արժեցան երկու գոլից ավելի։ Այս առումով աղյուսակը մի փոքր անարդար է մեր նկատմամբ։
Բայց դա նաև նշանակում է, որ տարբերությունները փոքր էին, և ավելի կարևոր էին դառնում «մանր» որոշումները. ով էր խաղում առաջնագծում, ով մնաց դաշտում Լատվիայի դեմ վերջին տասնհինգ րոպեին, և արդյոք Չեռնոգորիայի հետ տնային խաղին մոտեցանք որպես հաղթելու խաղի։ Նվիրվածության հարցում թիմին նախատելու բան չկա։ ՈՒԵՖԱ-ի տվյալներով՝ մեկ խաղում վազում էինք 105-ից 113 կմ։ Սակայն բարձր ինտենսիվությամբ վազքով խմբում վերջինն էինք (մեկ խաղում 5.16 կմ՝ մյուսների 5.35–5.70-ի դիմաց), իսկ Երևանում Լատվիան մեզնից ավելի շատ վազեց։ Սա տեմպի և մոտեցման հարց է։ Ոչ ոք չէր խուսափում պայքարից։
Կիպրոսից առաջ
Մի պահ թվերը մի կողմ թողնենք։ Մոռանանք վարկանիշները, տրանսֆերային արժեքները, նախկին հաշիվներն ու վնասվածքների ցուցակը և պարզապես նորից դիտենք այս չորս խաղը։ Դժվար է գտնել մի հատված, որտեղ Հայաստանը դասով զիջեր մրցակցին։ Լատվիան ոչինչ չէր կարողանում անել։ Կիպրոսն երկու գոլ խփեց մեր սխալներից, ապա քաշվեց պաշտպանության։ Չեռնոգորիան խմբի ամենաուժեղ թիմն է, բայց երկու խաղում էլ հաղթելի էր թվում։ Մնում է այն զգացողությունը, որ գրեթե ցանկացած պահի կարող էինք սեղմել գազը և գնալ հաղթանակի, բայց ամեն անգամ ընտրում էինք չանել դա, կարծես ինչ-որ բան թիմին պահում էր ապահով կողմում։ Մեզ համար սա այս հավաքի ամենահիասթափեցնող մասն էր, և հենց դրա մասին են վկայում վերևի թվերի մեծ մասը։
Հայաստանն այս հավաքին մոտեցավ որպես խմբի երկրորդ թիմ ըստ Էլոյի և կազմի արժեքի, երկու տնային խաղով, որոնցում ֆավորիտ էր, և նույն խաղացանկով, ինչ մյուսները։ Վեց տուրից չորսից հետո մենք երրորդն ենք։
Վնասվածքներն իրենց դերը խաղացին, բայց չստացվածի մեծ մասը կապ չունի նրանց հետ։ Հաղթելի Չեռնոգորիային վերաբերվեցինք որպես ֆավորիտի, և Երևանում նրա ավելի երիտասարդ կազմը հաղթեց երկրորդ խաղակեսը, մինչդեռ մարզիչը պնդում էր, թե գերակշռում էինք մենք։ Գրոհը չորս խաղում ստեղծեց ընդամենը չորս վտանգավոր պահ, իսկ տասի դեմ՝ ոչ մեկը։ ՀՊԼ-ում լավ մարզավիճակում գտնվողները մնացին տանը, ակումբում չխաղացողները հիմնական կազմում էին, իսկ Նիկոսիայում թիմը մնաց առանց հարձակվողների։ Եվ հրապարակավ ասվածի մեծ մասն այն մասին էր, ինչ թիմին պակասում է։
Այս ամենը կարելի է փոխել մինչև նոյեմբերի 12-ը, երբ Կիպրոսը կգա Երևան, և խաղադրույքը կլինի երկրորդ տեղն ու փլեյ-օֆֆը։ Հայաստանին հաղթանակ է պետք, իսկ եթե թիմերն ավարտեն հավասար միավորներով, դեմ առ դեմ խաղերում առավելություն ունենալու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն երեք գոլ տարբերությամբ։ Էլոն կրկին Հայաստանին կհամարի ֆավորիտ։ Այդ խաղից առաջ մենք ուշադրություն կդարձնենք երեք բանի. կազմն ընտրվո՞ւմ է ըստ ներկայիս մարզավիճակի, թե՞ կրկին ըստ փորձի, Հայաստանը տանը դուրս կգա՞ հաղթելու, թե՞ չպարտվելու համար, և արդյոք ասուլիսում որևէ մեկը Կիպրոսին ֆավորիտ կանվանի։
Վերջին երկու տուրը՝ Հայաստան–Կիպրոս (նոյեմբերի 12) և Լատվիա–Հայաստան (նոյեմբերի 15), դեռ կարող եք խաղալ Հավաքականների դրաֆթում՝ Ազգերի լիգայի մեր անվճար խաղում։
Խաղային թրեքինգը (վազքի ծավալ, բարձր ինտենսիվությամբ վազք, փոխանցումների ցանց)՝ ՈՒԵՖԱ։ Հարվածներ, սպասվող գոլեր (xG), մենամարտեր և գնահատականներ՝ Sofascore։ Էլոյի վարկանիշը՝ eloratings.net։ Կազմերն ու խաղերի քանակը՝ հավաքականների պաշտոնական կազմերից, տարիքը՝ ՈՒԵՖԱ-ի կազմերից։ Տրանսֆերային արժեքները՝ Transfermarkt, 2026-ի հոկտեմբերի 6։ ՀՊԼ-ի րոպեները, գոլերն ու գոլային փոխանցումները՝ APLGames Ֆենթզիի տվյալներից։ Ասուլիսներից մեջբերումները՝ sportaran.com-ի հրապարակումներից, մեր թարգմանությամբ։ Բոլոր հաշվարկներն ու մոդելները մերն են։