«Ալաշկերտ» 2026/27. ամենակայուն կազմը, 14 գոլ խփած հայ ֆուտբոլիստն ու տարվա մարզիչը
Հուլիսի 31-ին մեկնարկում է ՀՊԼ 2026/27 մրցաշրջանը։ Մինչ այդ մենք հերթով անդրադառնում ենք առաջնության բոլոր մասնակիցներին՝ վերլուծելով անցած մրցաշրջանի վիճակագրությունը, խաղաոճը, հավանական հիմնական կազմը, ամառային տրանսֆերները, չեմպիոնական հեռանկարներն ու ֆենթզի ներուժը։
«Ալաշկերտն» անցած մրցաշրջանում գրեթե ամեն ինչ ճիշտ արեց, բայց այս տարի դա կարող է բավարար չլինել։ Թիմն առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը՝ ունենալով ամենակայուն կազմը, 10-ից ավելի գոլի հեղինակ դարձած երկու ֆուտբոլիստ (ընդ որում՝ նրանցից մեկը լիգայի երկրորդ ռմբարկուն էր), ինչպես նաև Հայաստանի տարվա լավագույն մարզչին։ Արդյունքում՝ նվաճեց եվրագավաթների ուղեգիր, ինչը, սակայն, կարող է լրացուցիչ ծանրաբեռնվածություն դառնալ թիմի համար. հենց խիտ գրաֆիկի պատճառով ենք կարծում, որ եվրագավաթային ծանրաբեռնվածությունից ազատ «Ուրարտուն» կկարողանա առաջ անցնել «Ալաշկերտից»։
Մեր կանխատեսումը 5-րդ տեղն է։
Կայուն չորրորդ տեղ
Վահե Գևորգյանի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում թիմն ապահովեց 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 53 միավոր և ունենալով դրական հաշվեկշիռ առաջին եռյակից դուրս մնացած բոլոր մրցակիցների նկատմամբ։
Թիմն արեց այն, ինչ պահանջվում էր։ Աղյուսակի ստորին հատվածի հնգյակի դեմ 15 խաղում տոնեց 12 հաղթանակ և գրանցեց 2 ոչ-ոքի՝ հնարավոր 45-ից վաստակելով 38 միավոր։ Միակ պարտությունը 0:1 հաշվով էր «Գանձասարից»։ Մեկ խաղում միջինը 2.53 միավոր վաստակելը բարձրակարգ թիմին վայել արդյունք է։
Առաջատար եռյակի դեմ խաղերում ևս պատկերը վատ չէր։
Առաջատար եռյակի դեմ խաղերում ևս պատկերը վատ չէր՝ տնային հաղթանակներ «Նոայի» (2:0) և «Արարատ-Արմենիայի» (1:0) նկատմամբ, սակայն ավելի բարձր հորիզոնական գրավելու համար դա բավարար չէր։ Կարևոր է նշել, որ հենց անմիջական մրցակից «Ուրարտուի» դեմ խաղերում «Ալաշկերտն» ուներ առավելություն (հնարավոր 9-ից 6 միավոր)։ Եթե այս տարի ևս 4-րդ և 5-րդ տեղերի ճակատագիրը վճռվի անձնական հանդիպումներում, դա կլինի «Ալաշկերտի» օգտին։
Առաջնության ամենակայուն կազմը
Առաջնության և ոչ մի այլ թիմ այսքան քիչ փոփոխությունների չի ենթարկել իր մեկնարկային կազմը։
Խաղից խաղ թիմի մեկնարկային կազմում միջինում երկուսից պակաս փոփոխություն էր կատարվում։ Արսեն Բեգլարյանն ու Օլավալե Ֆարայոլան դաշտ են դուրս եկել բոլոր 27 խաղերում, իսկ նրանց շուրջ ձևավորված կորիզը գրեթե անփոփոխ էր։ Հենց այս կայունությունն է օգնել միջին բյուջե ունեցող ակումբին զբաղեցնել 4-րդ տեղը, և հենց սա է հույս ներշնչում, որ Վահե Գևորգյանը կարող է կրկնել նախորդ տարվա հաջողությունը։
Մրցաշարի մեծ մասում թիմը գործում էր 4-2-3-1 մարտավարությամբ, իսկ կատարողները հազվադեպ էին փոխվում՝ պաշտպանական քառյակ, երկու հենակետային, Կարեն Նալբանդյանը՝ ենթահարձակվողի, իսկ Մոմո Տուրեն՝ կենտրոնական հարձակվողի դիրքում։
Այս կայունությունն ունի նաև իր հակառակ կողմը։ Մարզիչն ինքը բազմիցս նշել է խնդրի մասին. պահեստայինների նստարանը չափազանց կարճ է։ Նույն 20 ֆուտբոլիստներն անցկացրին ողջ մրցաշրջանը։ Ներքին առաջնությունում այս խնդիրը դեռ կարելի է հաղթահարել, սակայն եվրագավաթների և առաջնության համատեղումը, զուգորդված հնարավոր վնասվածքներով ու որակազրկումներով, կարող է խաթարել թիմի պլանները։
Ամենաշատ մեկնարկ ունեցածների կազմը
Ամենաշատ մեկնարկ ունեցածների կազմը ցույց է տալիս այդ 4-2-3-1-ը՝ Տուրեն առջևում, Նալբանդյանը նրա թիկունքում, Ֆարայոլան ու Կայո Հենրիկեն՝ եզրերում, Փիլոյանն ու Գարեգինյանը՝ պաշտպանության քառյակի առջև։
Այնուամենայնիվ, պատկերը փոքր-ինչ փոխվել է։ Նախորդ մրցաշրջանի հիմնական կազմից երեք ֆուտբոլիստ արդեն հեռացել է ակումբից. կենտրոնական պաշտպան Կլայդեր Մասեդոն տեղափոխվել է Ղազախստան, հենակետային Յուրի Գարեգինյանն ավարտել է կարիերան, իսկ Կայո Հենրիկեի վարձավճարի ժամկետն ավարտվել է։ Այնուամենայնիվ, հիմնական կորիզը պահպանվել է՝ ի դեմս Բեգլարյանի, եզրային պաշտպանների, Փիլոյանի, Ֆարայոլայի, Նալբանդյանի և Տուրեի։ Ամենաշատը տուժել է պաշտպանությունը. 10 «չոր» հանդիպում ապահոված պաշտպանական գիծը նոր մրցաշրջանում կարող է դառնալ թիմի ամենախոցելի օղակը։
Ոչ թե մեկ, այլ երկու շարժիչ
Եթե նախորդ մրցաշրջանի մյուս հավակնորդները հիմնվում էին մեկ ընդգծված ռմբարկուի վրա, ապա «Ալաշկերտը» նման երկու ֆուտբոլիստ ուներ։ Կարեն Նալբանդյանի խփած 14 և Մոմո Տուրեի 11 գոլերը կազմում են թիմի ընդհանուր գոլերի գրեթե 60%-ը։
Երկուսն էլ երիտասարդ են և արդյունավետ (միջինում 0.68 և 0.67 գոլ+փոխանցում՝ յուրաքանչյուր 90 րոպեում)։ Սակայն հայկական ակումբներին բնորոշ մտահոգիչ միտումն այստեղ ևս առկա է՝ առաջին երկուսից հետո լուրջ անկում է նկատվում։ Թիմում մնացող հաջորդ լավագույն ռմբարկուն Ֆարայոլան է՝ ընդամենը 3 գոլով։ Թեև թիմի հարձակումը կախված չէ միայն մեկ ֆուտբոլիստից, այնուամենայնիվ այն շարունակում է մեծապես հիմնված մնալ այս դուետի վրա։ Ընդ որում, նրանց նկատմամբ միշտ էլ մեծ է այլ ակումբների հետաքրքրությունը։
Կարեն Նալբանդյան. առաջնության լավագույն հայ կիսապաշտպանը
Ի տարբերություն «Ուրարտուի», «Ալաշկերտը» խաղաժամանակի մեծ մասը հայ ֆուտբոլիստներին վստահող ակումբներից չէ։ Հայ խաղացողներին բաժին է ընկել մրցաշրջանի խաղաժամանակի 49%-ը՝ միջին ցուցանիշ։ Կազմում ևս գերակշռում են լեգիոներները՝ 10 հայ և 17 արտասահմանցի։ Բայց ակումբն առանձնանում է նրանով, որ լավագույն ռմբարկուն հենց հայ ֆուտբոլիստ է։
24-ամյա «Ալաշկերտի» ավագը արդյունավետությամբ գերազանցեց առաջնության գրեթե բոլոր հարձակվողներին՝ զիջելով միայն լավագույն ռմբարկուին։ Նրա ցուցանիշները լիգայի կիսապաշտպանների շրջանում լավագույններից են։ Նալբանդյանն այն ֆուտբոլիստն է, որին արժե տեսնել նաև եվրագավաթային ասպարեզում։ Նրան թիմում պահելն «Ալաշկերտի» գլխավոր ձեռքբերումներից մեկն է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այնուամենայնիվ, հայկական ներկայությունը միայն նրանով չի սահմանափակվում։ 32-ամյա Արսեն Բեգլարյանն անփոխարինելի է դարպասում, եզրերում հիմնական ընտրությունը Արսեն Սադոյանն ու Դավիթ Տերտերյանն են, իսկ 20-ամյա Էդգար Փիլոյանը կիսապաշտպանության հենասյուներից է։ Փաստացի, թիմի առանցքը հայկական է, թեև գրոհների եզրափակումը հիմնականում վստահված է լեգիոներներին։
Տարվա լավագույն մարզիչը
«Ալաշկերտի» հաջողության ու կայունության գլխավոր գրավականը թերևս մարզիչն է։ 2025 թվականի արդյունքներով՝ Վահե Գևորգյանն արժանացավ Հայաստանի լավագույն մարզչի կոչմանը։
Նա բավականին երիտասարդ է Բարձրագույն խմբի համար, սակայն նրա կարիերան ակնհայտ վերելք է ապրում՝ 5-րդ տեղ «Վանի» հետ, ապա 4-րդ հորիզոնական և եվրագավաթներ՝ «Ալաշկերտի» հետ։ Գևորգյանի գլխավորած թիմերն աչքի են ընկնում կենտրոնի վերահսկմամբ և արագ հակագրոհներով, ինչն իդեալականորեն տեղավորվում է վերոնշյալ 4-2-3-1 մարտավարության մեջ։ Միակ խնդիրն այն է, որ եվրագավաթները հավելյալ ծանրաբեռնվածություն են ենթադրում, ինչը կարող է խանգարել ներքին առաջնությունում։
Տրանսֆերներ. համալրումներ առաջատարներից և վերակառուցում պաշտպանությունում
Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտը» գործեց բավականին խելամիտ։ Թիմի գլխավոր համալրումները Հայաստանի Պրեմիեր լիգայում արդեն փորձված և կայացած ֆուտբոլիստներ են, որոնք տեղափոխվել են աղյուսակում ավելի բարձր տեղ զբաղեցրած ակումբներից՝ խուսափելով չարդարացված ռիսկերից։

«Փյունիկից» · ապացուցված կիսապաշտպան՝ Գարեգինյանի փոխարեն

«Արարատ-Արմենիայից» · փորձառու եզրային պաշտպան, մրցակցություն ձախ եզրում

Մասեդոյի փոխարեն · սկզբից ուժեղ պաշտպան է թվում

Ազատ գործակալ · խոստումնալից հարձակվող

«Գաբալայից» · արագաշարժ և վտանգավոր եզրային հարձակվող

26 մեկնարկ, 2,340 րոպե · մեկնեց «Կայսար» (Ղազախստան)

19 մեկնարկ կիսապաշտպանությունում · ավարտեց կարիերան

15 մեկնարկ, 3 գոլ · վարձավճարն ավարտվեց, վերադարձավ Բրազիլիա

Պահեստային և քիչ խաղացած ֆուտբոլիստներ
Դանիել Աղբալյանի ու Հակոբ Հակոբյանի տրանսֆերները փաստում են, որ ակումբը մտադիր է պահպանել իր ամուր դիրքերը։ Բրազիլացի Սեզարը, թեև նախկինում Հայաստանում չէր խաղացել, արդեն իսկ հասցրել է վստահ տպավորություն թողնել պաշտպանության կենտրոնում։ Հարձակման գիծը համալրել են բավականին խոստումնալից ու որակյալ ֆուտբոլիստներ՝ Էջիկեն ու Մասումուն, որոնք դեռ պետք է ապացուցեն իրենց արժանիքները մեր առաջնությունում։
Մրցաշրջանի ընթացքի վրա կարող է ազդել մեկ առանցքային հանգամանք՝ պաշտպանության կենտրոնը։ Անփոխարինելի կենտրոնական պաշտպան Կլայդեր Մասեդոյի հեռանալը լուրջ կորուստ է։ Թեև նորեկ Սեզարը վատ տպավորություն չի թողնում, պաշտպանության նոր զույգը դեռ ժամանակի կարիք ունի ամբողջական համագործակցության և կայունության հասնելու համար։
Եվրոպան արդեն մեկնարկել է
4-րդ տեղի շնորհիվ «Ալաշկերտը» նվաճեց Կոնֆերանսի լիգայի ուղեգիր, և նրանց եվրագավաթային արշավն արդեն մեկնարկել է։
Այս դիմակայության ելքը կարող է վճռորոշ լինել ողջ մրցաշրջանի համար։ Եթե թիմը հաղթահարի ղազախական արգելքը և շարունակի պայքարը որակավորման հաջորդ փուլերում, հագեցած գրաֆիկն իր բացասական ազդեցությունը կթողնի ներքին առաջնությունում։ Հակառակ դեպքում, եվրագավաթային պայքարի վաղաժամ ավարտը կթեթևացնի օրացույցը, ինչը մեծապես կնվազեցնի հոգնածության գործոնը։
Կանխատեսում՝ 5-րդ տեղ
Նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» 4 միավորով առաջ անցավ «Ուրարտուից»։ Կարծում ենք, որ այս տարի ուժերի դասավորությունը կփոխվի, թեկուզ և չնչին առավելությամբ։
Մեր կանխատեսումը հիմնված չէ այն մտքի վրա, որ «Ալաշկերտը» թուլացել է։ Գլխավոր պատճառն օրացույցն է, ինչն ուղղակիորեն կախված է եվրագավաթներում թիմի ելույթներից։ Եթե ակումբը հաջողության հասնի Եվրոպայում, ապա ստիպված կլինի պայքարել երկու ճակատով՝ ունենալով խիստ սահմանափակ պահեստայինների նստարան։ Մինչդեռ «Ուրարտուն» կկարողանա կենտրոնանալ բացառապես ներքին առաջնության վրա։ Բացի այդ, չպետք է մոռանալ վերակառուցվող պաշտպանության մասին։
Այնուամենայնիվ, այս կանխատեսումը միանշանակ չէ։ Նախորդ մրցաշրջանի երեք անձնական հանդիպումներից երկուսում «Ալաշկերտը» հաղթել է «Ուրարտուին»։ Նրանց հաջողվել է պահպանել առաջատարներին՝ ի դեմս Նալբանդյանի և Տուրեի, իսկ տրանսֆերային շուկայում ապավինել են փորձված կադրերի։ Տարվա լավագույն մարզչի գլխավորությամբ այս թիմն ունի ամենակայուն կազմը։ Այս բոլոր փաստարկները խոսում են հօգուտ 4-րդ հորիզոնականի պահպանման։
Ընտրությունը չափազանց բարդ է և մեծապես կախված է եվրագավաթային ելույթներից։ Մենք հակված ենք 5-րդ տեղին միայն այն պատճառով, որ ակնկալում ենք հաջողություն որակավորման փուլերում, ինչի արդյունքում թիմը կտուժի հոգնածության ու խիտ գրաֆիկի պատճառով։ Եթե «Ալաշկերտը» վաղաժամ լքի պայքարը Եվրոպայում, նրանք ավտոմատ կերպով կդառնան 4-րդ հորիզոնականի գլխավոր հավակնորդը։
Ֆենթզի. առաջնայինը Նալբանդյանն է
«Ալաշկերտի» կազմում կան երկու բարձրակարգ հարձակվողներ և ևս մեկ արժեքավոր ընտրություն։ Մնացած գծերում պատկերը փոքր-ինչ անորոշ է՝ վերակառուցվող պաշտպանություն և դեռևս չփորձարկված նորեկներ։
2026/27 գները
Բեգլարյան5.5m
Չաթունց4.0m
Սեսայ4.0m
Սեզար6.0m
Սադոյան5.5m
Տերտերյան5.5m
Մատյուխին5.0m
Հ. Հակոբյան4.5m
Ռ. Հակոբյան4.5m
Գրանադո4.5m
Նալբանդյան12.0m
Ֆարայոլա9.0m
Մասումու8.5m
Է. Փիլոյան6.0m
Աղբալյան5.5m
Սաբոբո5.5m
Ռաֆայել Ժեզուս5.0m
Նդուկա5.0m
Մոմո Տուրե11.0m
Էջիկե7.0m
Բուհարի4.5m
Խալիլ4.5mՆալբանդյանը՝ առաջին ընտրությունը
Քանի որ Ֆենթզիում Նալբանդյանը նշված է որպես կիսապաշտպան, նրա յուրաքանչյուր գոլը բերում է 5 միավոր (հարձակվողի 4-ի փոխարեն)։ Բացի այդ, թիմի յուրաքանչյուր «չոր» հանդիպում ևս մեկ միավոր է ավելացնում նրա ակտիվին։ 12.0m արժողությամբ, 14 գոլ և 2 գոլային փոխանցում հեղինակած կիսապաշտպանն իրավամբ դասվում է պրեմիում խաղացողների շարքին (միջինը 0.68 Գ+Փ 90 րոպեում)։ Նա ոչ միայն թիմի անփոխարինելի ավագն է, այլև Ֆենթզի թիմի ավագի հիանալի թեկնածու։ Միակ ռիսկն այն է, որ եթե նրա արդյունավետությունը նվազի, թիմում այլընտրանք գտնելը դժվար կլինի։
Տուրեն որպես պրեմիում հարձակվող
11 գոլով և 5 գոլային փոխանցումով Մոմո Տուրեն լիովին արդարացնում է իր 11.0m արժեքը։ Նա առանցքային խաղացող է և մեծ հավանականությամբ կշարունակի գոլեր հեղինակել նոր մրցաշրջանում։
Ֆարայոլան՝ շահավետ տարբերակը
Ֆարայոլան մասնակցել է առաջնության բոլոր 27 հանդիպումներին և կատարել 7 գոլային փոխանցում՝ լավագույն ցուցանիշը թիմում։ Թեև 9.0m-ն էժան չէ, այնուամենայնիվ սա լավագույն տարբերակն է թիմի հարձակողական ներուժից օգտվելու համար՝ առանց աստղային ֆուտբոլիստների վրա ահռելի գումարներ ծախսելու։ Բացի այդ, նրա խաղաժամանակը թիմում գրեթե երաշխավորված է։
Պաշտպանության և նորեկների հետ զգույշ եղեք
Նախորդ մրցաշրջանի 10 անառիկ պահված խաղերն արդեն անցյալում են։ Նորեկ Սեզարի կողքին պաշտպանական զույգը դեռ պետք է ձևավորվի, ուստի ավելի էժան պաշտպանների ընտրությունը ռիսկային է։ Այս պահին 5.5m արժողությամբ Բեգլարյանը դարպասում միակ հուսալի տարբերակն է։ Զգոնություն է պետք ցուցաբերել նաև նորեկների նկատմամբ։ 8.5m արժողությամբ Մասումուն և 7.0m գնահատվող Էջիկեն ավելի թանկ են, քան որոշ կայացած ֆուտբոլիստներ, սակայն նրանք դեռևս փորձ չունեն Հայաստանի առաջնությունում։ Առայժմ միայն հետևեք նրանց։
Մեր այս պահի երեքը



Ֆենթզիում մեկ ակումբից թույլատրվում է ունենալ առավելագույնը 3 ֆուտբոլիստ, և հենց այս եռյակն է լավագույն ընտրությունը։ Շեշտադրումը հարձակման վրա լիովին համապատասխանում է «Ալաշկերտի» խաղաոճին. նրանց ուժեղ կողմն առջևում է, ոչ թե դեռևս անկայուն պաշտպանությունում։ Եթե չեք ցանկանում ընտրել բոլոր երեքին, ապա Նալբանդյանն անկասկած պարտադիր ընտրություն է, իսկ Ֆարայոլան՝ հիանալի բյուջետային տարբերակ մյուս երկուսի կողքին։
Ամփոփում
Ամփոփելով՝ «Ալաշկերտն» իրապես արժանի էր 4-րդ տեղին. նրանք ունեին ամենակայուն կազմը, հարձակման արդյունավետ գիծ, լավագույն հայ ռմբարկուն ու Հայաստանի տարվա լավագույն մարզիչը։ Բացի այդ, թիմը կատարեց նպատակային տրանսֆերներ և կարողացավ պահպանել իր առաջատարներին։
5-րդ տեղի մեր կանխատեսումը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով։ Եթե թիմը շարունակի հաջող մրցելույթները Եվրոպայում, ներքին առաջնության մեկնարկը կնշանավորվի գերհագեցած օրացույցով։ Չպետք է մոռանալ նաև պաշտպանությունում առկա անորոշությունների մասին (որոնց շտկման դեպքում սա կրկին 4-րդ տեղի հավակնորդ թիմ է)։
Մենք հակված ենք 5-րդ տեղին։ Սակայն նրանք միանշանակ կրկին կպայքարեն լավագույն քառյակում տեղ զբաղացնելու համար։