«Փյունիկ». Հայաստանի լավագույն պաշտպանությունը, բայց որտեղի՞ց են գալու գոլերը
Հուլիսի 31-ին մեկնարկում է ՀՊԼ 2026/27 մրցաշրջանը։ Մինչ այդ մենք հերթով անդրադառնում ենք առաջնության բոլոր մասնակիցներին՝ վերլուծելով անցած մրցաշրջանի վիճակագրությունը, խաղաոճը, հավանական հիմնական կազմը, ամառային տրանսֆերները, չեմպիոնական հեռանկարներն ու ֆենթզի ներուժը։
«Փյունիկը» անցած մրցաշրջանն ավարտեց երրորդ հորիզոնականում։ Կարծում ենք՝ այս անգամ ևս նրանք կլինեն երրորդը։
Հայաստանի ամենահուսալի պաշտպանությունը
«Փյունիկը» 27 խաղում բաց է թողել ընդամենը 18 գոլ։ 1 գոլ պակաս քան «Նոայն», 7 գոլ պակաս քան չեմպիոնը, և ընդհանրապես ավելի քիչ քան ցանկացած այլ թիմ:
«Փյունիկը» հաղթել է 17 խաղում, մինչդեռ երկրորդ տեղը զբաղեցրած «Նոան» հաղթել էր 16-ում։ «Արարատ-Արմենիան» էլ 18 հաղթանակով դարձել էր չեմպիոն։
Ստացվում է, որ «Փյունիկն» ավելի շատ հաղթանակ ունի և ավելի քիչ գոլ է բաց թողել, քան արծաթե մեդալակիրը, բայց միևնույն է մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է մեկ հորիզոնական ցածր դիրք՝ զիջելով 4 միավոր։ Մեկ այլ կարևոր վիճակագրություն, սակայն, ամենևին «Փյունիկի» օգտին չէ. նրանք խփել են 37 գոլ, իսկ, օրինակ, «Նոան»՝ 61։
Հայաստանում ոչ մի թիմ գոլերն այսքան արդյունավետ միավորների չի վերածել։ «Փյունիկի» խփած յուրաքանչյուր գոլն արժեցել է 1.49 միավոր՝ ի տարբերություն «Նոայի» 0.92-ի։
Քիչ գոլեր
Նրանց մրցաշրջանը լի էր նվազագույն հաշվով, բայց վստահ հաղթանակներով։ 17 հաղթանակներից 10-ը գրանցվել են ընդամենը մեկ գոլի տարբերությամբ, որոնցից հինգը՝ 1:0 հաշվով։
Այս գծապատկերից երկու բան է պարզ դառնում: Նախ այն, թե որքան պրագմատիկ էր թիմն ամբողջ մրցաշրջանի ընթացքում: «Փյունիկը» 27 խաղերից 15-ում (այսինքն մրցաշրջանի կեսից ավելիում) խփել է առավելագույնը մեկ գոլ կամ ընդհանրապես չի խփել, սակայն միևնույն է կարողացել է գրավել երրորդ տեղը։ Մրցաշրջանի նրանց ամենախոշոր հաղթանակը «Վանի» նկատմամբ գրանցված 5:1 հաշիվն էր։ Եթե հանենք այդ միակ խաղը, կստացվի 32 գոլ 26 խաղում։
Երկրորդ՝ նրանց ոչ ոք չի ջախջախել։ Ամբողջ առաջնության ընթացքում նրանց ամենածանր պարտությունն ընդամենը երկու գոլի տարբերությամբ էր։ «Նոան», որն ուներ լիգայի լավագույն գոլային տարբերությունը, ինը խաղում հաղթել էր երեք կամ ավելի գոլի տարբերությամբ։ «Փյունիկն արել էր դա ընդամենը երկու անգամ։
Սա մի թիմ է, որը հատուկ կառուցված է ռիսկերը նվազագույնի հասցնելու տրամաբանությամբ։
Օսեյանի ազդեցությունը
2025 թվականի օգոստոսի 6-ին Եղիշե Մելիքյանը լքեց «Փյունիկը»՝ գլխավորելու Հայաստանի հավաքականը՝ Ջոն վան 'տ Սխիպի փոխարեն։ Մելիքյանն ակումբին բերել էր երկու չեմպիոնություն՝ 2021/22 և 2023/24 մրցաշրջաններում, և համընդհանուր կարծիք կար, որ պարզապես եկել է ազգային հավաքականի ղեկը ստանձնելու նրա ժամանակը։ Վեց օր անց՝ օգոստոսի 12-ին, նշանակվեց Արտակ Օսեյանը՝ արդեն մեկնարկած առաջնության պայմաններում։
Նա թիմի ղեկը ստանձնեց առաջնության երրորդ տուրից: Եվ այն ամենը, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, նրա աշխատանքի արդյունքն է։
Տասներեք «չոր» հանդիպում քսանհինգ խաղում և բաց թողնված գոլ միջինում ամեն 132 րոպեն մեկ։ Ամբողջ մրցաշրջանի կտրվածքով նրա միջին ցուցանիշը համարժեք է մոտ 55 միավորի, ինչը հենց այն է, ինչ «Փյունիկն» ի վերջո վաստակեց։
Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: «Փյունիկը» խորը և հոծ պաշտպանվում է, փորձում է հնարավորինս երկար պահպանել 0:0 կամ 1:0 հաշիվը և հաղթում է մեկ հաջող դրվագի, այլ ոչ թե շարունակական հարձակողական ճնշման հաշվին: Գուցե սա այնքան էլ դիտարժան չէ, բայց այս համակարգը համապատասխանում է թիմում առկա ֆուտբոլիստների որակներին և անցած մրցաշրջանում բավականին արդյունավետ գտնվեց։ Արդյունքում «Փյունիկը» զիջեց միայն ակնհայտորեն ավելի մեծ ռեսուրսներ ունեցող երկու ակումբներին:
Այս համակարգի ուժի լավագույն ապացույցն այն է, թե ինչպես նրանք խաղացին երկրի լավագույն հարձակման դեմ։
Երկու «չոր» հանդիպում «Նոայի» դեմ
«Նոան» անցած մրցաշրջանում խփեց 61 գոլ՝ 11-ով ավելի, քան մնացած թիմերը, և 27 խաղերից միայն վեցում գոլ չխփեց։ Այդ վեցից երկուսը գրանցվեցին հենց «Փյունիկի» դեմ խաղերում։
Սեպտեմբերին 3:1 պարտվելուց հետո Օսեյանի թիմը մայիսին վերադարձավ Աբովյան և տարավ չոր ոչ-ոքի, իսկ երեք շաբաթ անց նույնը կրկնեց սեփական դաշտում։ Երկու 0:0 այն թիմի դեմ, որը լիգայի մնացած բոլոր մրցակիցների հետ խաղերում միջինը 2.4 գոլ էր խփում։
«Փյունիկը» 1:0 հաղթեց նաև ապագա չեմպիոնին, իսկ «Ալաշկերտին», որն ավարտեց չորրորդ տեղում՝ ընդամենը մեկ միավոր ետ, հաղթեց բոլոր երեք խաղերում։ Առաջին հնգյակի դեմ 12 խաղում հավաքեց 18 միավոր։ Մնացած բոլորի դեմ՝ 37 միավոր 15 խաղից՝ բաց թողնելով ընդամենը յոթ գոլ։
Նրանց հաղթելը, բառիս բուն իմաստով, չափազանց բարդ էր։
Ամառային տրանսֆերային պատուհանը
Մի պահ նայեք աղյուսակի առաջին տողին։ Խավի Մորենոն մեկնարկային կազմում է եղել առաջնության բոլոր 27 խաղերում։ Նա միակ «փյունիկցին» է նման ցուցանիշով, խաղացել է 2,267 րոպե՝ ավելի շատ, քան ակումբի ցանկացած այլ դաշտային ֆուտբոլիստ, և արդեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռեալ Մուրսիա»։
Նրանից բացի՝ գրեթե ամբողջությամբ կազմաքանդվեց թիմի հարձակման գիծը: Նուբիսին, ով 7 գոլով թիմի լավագույն ռմբարկուն էր, հեռացել է: Օկանսին, ով 22 անգամ դուրս էր եկել մեկնարկային կազմում որպես ենթահարձակվող, նույնպես հեռացել է: 1512 րոպե անցկացրած աջ պաշտպանը ևս հեռացել է: Կենտրոնական պաշտպանը, որը 15 անգամ մեկնարկային կազմում է եղել նույնպես:
«Փյունիկը» կորցրել է իր խփած գոլերի 46 տոկոսի հեղինակներին: Եվ սա այն դեպքում, երբ թիմն առանց այդ էլ առաջատարների թվում ամենաքիչն էր գոլ խփում:
Լավ նորությունն այն է, որ «Փյունիկի» իսկապես բարձրակարգ մասը հիմնականում տեղում է։
Հենրի Ավագյանը մասնակցել է առաջնության 27 հանդիպումներից 26-ին և 13 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նա Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահն է, իսկ հունվարին իր պայմանագիրը երկարաձգել է մինչև 2029 թվականը։ 30 տարեկանում, ունենալով երկրի լավագույն պաշտպանությունն իր առջև և չվախենալով ռոտացիայից՝ նա հայկական ֆուտբոլի ամենահուսալի ֆիգուրներից մեկն է այս պահին։
Նրա առջևում Վակուլենկոն և Ֆիլիպե Ալմեյդան մեկնարկային կազմում դաշտ են դուրս եկել 20-ական խաղում, և կենտրոնական պաշտպանների այս զույգը մնացել է անփոփոխ։ 14 «չոր» հանդիպումների ճնշող մեծամասնության ժամանակ հենց նրանք էին դաշտում։
Եզրային պաշտպանությունը մի փոքր ավելի խոցելի է թվում։ Ալեմաոն, ով 17 անգամ մեկնարկել էր աջ եզրում, հեռացել է։ Ձախում մնում է Միխայիլ Կովալենկոն՝ որպես միակ կայուն եզրային պաշտպան, իսկ աջում տարբերակներն են «Ուրալից» վարձակալված Գոնսալո Միգելն ու Ռոբերտ Դարբինյանը։ Այս օղակն ունի պոտենցիալ, բայց դեռ պետք է կայանա, և ամենայն հավանականությամբ հենց պաշտպանության եզրերն են ամենաշատը փորձության ենթարկվելու նոր մրցաշրջանում։
Կիսապաշտպանության վերակառուցումը
«Նոայից» տուն են վերադարձել երկու ֆուտբոլիստ։
Արտակ Դաշյանը և Հովհաննես Հարությունյանը 2023/24-ի չեմպիոն կազմի առանցքային դեմքերն էին։ Հետո երկուսն էլ տեղափոխվեցին «Նոա», և երկուսն էլ այնտեղ աննկատ մնացին։
Թվում է, թե Դաշյանը ևս այս տրանսֆերային պատուհանի ձեռքբերումներից է, բայց իրականում նա վերադարձել է դեռևս հունվարին և արդեն հասցրել է կես մրցաշրջան անցկացնել Օսեյանի գլխավորությամբ՝ 7 անգամ դուրս գալով մեկնարկային կազմում։ Իրական նորեկն այստեղ Հարությունյանն է, ով թիմին միացավ հուլիսի 1-ին։
«Նոայում» նրանց ներուժն ուղղակի չէր օգտագործվում։ Ամբողջ մրցաշրջանում երկուսը միասին ունեցել են ընդամենը ինը մեկնարկային խաղ մի թիմում, որն ամեն շաբաթ փոխում էր կազմը։ Դաշյանը՝ «Փյունիկի» կազմում կրկնակի չեմպիոնը, «Նոայի» առաջին 12 տուրերից 11-ն անցկացրեց պահեստայինների նստարանին։ Անկախ այն բանից, թե ինչ արժեցան այս տրանսֆերները, նման որակով խաղացողներին վերադարձնելը հստակ ձեռքբերում է «Փյունիկի» համար։
Նրանց կողքին Կառլեն Հովհաննիսյանն է, և թերևս նա ակումբի ամենահետաքրքիր ֆուտբոլիստն է։ Նա 21 տարեկան է, անցած մրցաշրջանում 18 անգամ մեկնարկային կազմում է եղել, և արդեն ունի Հայաստանի հավաքականում երեք ելույթ։ Նա նաև գոլ է խփել «Նոայի» դարպասը Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում՝ առաջին խաղակեսի փոխհատուցվող րոպեներին։ Այդ զույգում, ի դեպ, «Փյունիկը» զիջեց 4:3 ընդհանուր հաշվով հենց այն թիմին, որը հետո նվաճեց գավաթը։
Անցած մրցաշրջանում 1,588 րոպեում Հովհաննիսյանը ո՛չ գոլ է խփել, ո՛չ էլ գոլային փոխանցում կատարել։ Նա խորքային կենտրոնական կիսապաշտպան է այն թիմում, որը խփել է 37 գոլ, և նրա գործը դաշտի կենտրոնը պահելն է, ոչ թե տուգանային գոտի ներխուժելը։ Մի բան հսատկ է, նա «Փյունիկի» ամենախոստումնալից ֆուտբոլիստն է։
Ավելացրեք Դանիիլ Կուլիկովին և Սեադ Իսլամովիչին, և կստացվի, որ «Փյունիկն» իսկական խորություն ունի հենց այն գծում, որտեղ հիմա կենտրոնացած է իր որակի մեծ մասը։ Իսկ եթե «Վանում» վարձակալությունն ավարտած Հայկ Թաթոսյանը, որ այնտեղ 10 անգամ մեկնարկել է, նույնպես տեղ գտնի, կենտրոնում իսկական մրցակցություն կլինի։
Դաշյանի խաղում ևս մեկ կարևոր նրբերանգ կա, որն արժե նկատի ունենալ: Թեև նա կենտրոնական կիսապաշտպան է (և ֆենթզիում էլ գրանցված է հենց այդ դիրքում), նա չափազանց բազմակողմանի է, իսկ Օսեյանը նախկինում նրան վստահել է նաև աջ պաշտպանի դիրքը: Քանի որ Ալեմաոն այլևս թիմում չէ, իսկ պաշտպանության աջ եզրն առայժմ անկայուն է թվում, Դաշյանն այս մրցաշրջանում կարող է լիարժեք հանդես գալ երկու տարբեր դիրքերում։ Թե վերջնարդյունքում որտեղ նա կխաղա, կկանխորոշի, թե ինչ կարող ենք ակնկալել նրանից։ Սրան մենք դեռ կանդրադառնանք մի փոքր ուշ։
Եվրագավաթներ․ հեշտ մեկնարկ, բայց բարդ շարունակություն
Հուլիսի 9-ին «Փյունիկը» Մալթայում 3:0 հաղթեց «Մարսաշլոկին»՝ Կոնֆերենցիաների լիգայի ընտրական առաջին փուլի առաջին խաղում։ Մոմո Յանսանեն իրացրեց 11 մետրանոցը, Դաշյանը հեռահար հարվածով կրկնապատկեց առավելությունը, իսկ Կովալենկոն մոտ հեռավորությունից ավարտին հասցրեց այն դրվագը, որտեղ դարպասապահը հետ էր մղել նոր համալրում Յասոնաս Պիկիսի հարվածը։
Պատասխան խաղը Երևանում է՝ հուլիսի 16-ին։ Այստեղ միակ ինտրիգը, թերևս, դիմակայության վերջնական հաշիվն է։
Իսկ հաջորդն արդեն բոլորովին այլ պատմություն է։
«Դեբրեցենը» անցած մրցաշրջանը Հունգարիայի բարձրագույն խմբում ավարտեց չորրորդ տեղում՝ 33 խաղից 53 միավորով։ Հունգարիայի առաջնությունը զգալիորեն ուժեղ է հայկականից, իսկ «Դեբրեցենը»՝ զգալիորեն ավելի հարուստ ակումբ, քան «Փյունիկը»։ Այս զույգում «Փյունիկը» ֆավորիտ չէ։
Կա նաև թարմ պատմություն։ Անցած ամառ «Փյունիկը» Եվրոպայից դուրս մնաց հունգարական մեկ այլ թիմից՝ «Գյորից»։ Սեփական դաշտում հաղթեց 2:1, հետո Հունգարիայում պարտվեց 3:1 և դուրս մնաց 4:3 ընդհանուր հաշվով։ Սա չափազանց բարդ վիճակահանություն է մի թիմի համար, որը հենց նոր կորցրել է անցած մրցաշրջանում ավելի քան ինը հազար րոպե խաղացած ֆուտբոլիստների։
Տրանսֆերային պատուհանն առայժմ

27 · «Նոայից» · 2023/24-ի չեմպիոն

25 · «Օլիմպիակոս Նիկոսիա» · €50հզ

24 · «Ռոդա» · ազատ գործակալ

23 · «Ուրարտուից» · կենտրոնական պաշտպան

21 · «Վանից» վարձակալությունից · 10 մեկնարկ

22 · «Գանձասարից» վարձակալությունից

27 մեկնարկ՝ բոլոր խաղերում · «Ռեալ Մուրսիա»

7 գոլ՝ լավագույն ռմբարկու · հեռացել է

22 մեկնարկ · հեռացել է

17 մեկնարկ աջ եզրում · հեռացել է

15 մեկնարկ կենտրոնում · հեռացել է

10 մեկնարկ · «Ալաշկերտ»
Վեցը՝ դուրս, իսկ եկած վեցից միայն մեկը՝ Պիկիսը, հարձակվող է՝ 50 հազար եվրոյով Կիպրոսից։ Իման Գրիֆիտը, որը ազատ գործակալի կարգավիճակով եկել է Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնից, պետք է փոխարինի այն ֆուտբոլիստին, ով մեկնարկել է առաջնության բոլոր խաղերում։ Մալթայում երկուսն էլ նստարանին էին։
Կա ևս մեկ անուն, որին պետք է հետևել։ Սեադ Իսլամովիչի պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը, բայց նրա հեռանալու մասին համառ խոսակցություններ կան։ Ոչինչ ստորագրված չէ, ուստի սա դիտարկում ենք որպես լուր, ոչ թե փաստ։ Բայց եթե նա գնա, դա ևս լուրջ կորուստ է։
Կանխատեսում. 3-րդ տեղ
Կարծում ենք՝ «Փյունիկը» կրկին երրորդն է լինելու։
Հայաստանում ամենաքիչ գոլ բաց թողած պաշտպանական գիծը հիմնականում տեղում է՝ Ավագյանը դարպասում, Վակուլենկոն ու Ֆիլիպե Ալմեյդան նրա առջևում, իսկ Օսեյանի ամբողջ մեթոդը կառուցված է հաշիվը փակ պահելու վրա։ Նրա 25 խաղը տվել է 2.04 միավոր մեկ խաղում, ինչը ամբողջ մրցաշրջանի կտրվածքով 55 միավոր է, ինչը գրեթե ճշգրիտ երրորդ տեղն է։ Ավելացրեք կենտրոնական գիծը, որտեղ հիմա երկու վերադարձած չեմպիոն է և երկրի ամենախոստումնալից 21-ամյա ֆուտբոլիստը, և «հատակը» բավական բարձր է։
Միևնույն ժամանակ, նրանք կորցրել են հարձակման գիծը, իսկ թե նորեկներն ինչ հաջողությամբ կփոխարինեն, դեռ պարզ չէ։ Այն թիմը, որ 27 խաղից 15-ում խփել է մեկ գոլ կամ ոչ մի գոլ, հենց նոր վաճառել է իր լավագույն ռմբարկուին և միակ ֆուտբոլիստին, ով բոլոր խաղերում մեկնարկել է։ Եթե Յանսանեն վնասվածք ստանա, ակումբում ՀՊԼ-ում փորձ ունեցող ռմբարկու չի մնա։
Ալեմաոյի 1,512 րոպեն համարժեք համալրումով չի փոխհատուցվել։ Ամենայն հավանականությամբ աջ պաշտպանի դիրքում հիմնականում կխաղա Արտակ Դաշյանը։ Մյուս տարբերակը ձմռանը «Շիրակից» եկած Ռոբերտ Դարբինյանn է։
Ֆենթզի. ինչին նայել
Այստեղ ամեն բան թվում է պարզ։ «Փյունիկից» պետք է պաշտպանական գծի խաղացողներ վերցնել։
Գներ (վերջնական չեն, մեկնարկից առաջ կարող են փոխվել)
Ավագյան6.0m
Բուչնև4.5m
Ա. Պետրոսյան4.0m
Ֆ. Ալմեյդա6.5m
Վակուլենկո6.5m
Կովալենկո6.0m
Գ. Ալմեյդա5.0m
Ջեյմս5.0m
Կենուրգիոս5.0m
Դարբինյան4.5m
Է. Սիմոնյան4.5m
Ահարոնյան4.0m
Պապիկյան4.0m
Հարությունյան8.0m
Կուլիկով7.5m
Կ. Հովհաննիսյան6.5m
Տարախչյան7.5m
Գրիֆիտ6.5m
Իսլամովիչ6.5m
Մալաքյան6.5m
Աֆյան5.5m
Դաշյան5.5m
Թաթոսյան5.0m
Լ. Պետրոսյան5.0m
Կարապետյան4.5m
Յանսանե10.0m
Պիկիս7.0m
Մետոյան5.0mԼավագույն պաշտպանությունը՝ ամենաէժան մուտքով
«Փյունիկը» բաց է թողել 18 գոլ՝ «Նոայի» 19-ի և չեմպիոնի 25-ի դիմաց, և պահել 14 չոր հաշիվ։ Չոր հաշիվը դարպասապահին և պաշտպանին բերում է 4 միավոր, ուստի այսպիսի հաճախականությամբ չոր հաշիվ պահող ակումբը հենց այնտեղ է, որտեղ հուսալի միավորներն են։
Հենրի Ավագյանը 6.0m-ով խաղի ամենաթանկ դարպասապահն է, և մենք կվճարեինք այդ գումարը։ Նա մեկնարկել է 27 խաղից 26-ում, այսինքն՝ ռոտացիայի ռիսկ ընդհանրապես չկա, և պահել է 13 չոր հաշիվ երկրի ամենահուսալի պաշտպանության թիկունքում։
Վակուլենկոն և Ֆիլիպե Ալմեյդան երկուսն էլ 6.5m են, և նրանց միջև ընտրություն կատարելու պատճառ գործնականում չկա․ 20-ական մեկնարկ, 10 և 12 չոր հաշիվ։ Վերցրեք նրան, ում նախընտրում եք։ Կարևորն այն է, որ երկուսն էլ ավելի էժան են, քան «Արարատ-Արմենիայի» Հուգո Օլիվեյրան, և հավասար են «Նոայի» չորս պաշտպաներին, որոնք ավելի շատ գոլ են բաց թողնում։
Ուշադրության արժանի է Էրիկ Սիմոնյանը՝ 4.5m։ Նա եկել է «Ուրարտուից», որտեղ ամբողջ անցած մրցաշրջանում խաղացել է ընդամենը 112 րոպե, և հենց դա է նրա էժան լինելու պատճառը։ Բայց նա երրորդ կենտրոնական պաշտպանն է այն ակումբում, որ բոլորից շատ չոր հաշիվ է պահում, և եթե Օսեյանը երբևէ անցնի երեք կենտրոնական պաշտպանի սխեմայի, ամեն ինչ ավելի հետաքրքիր կդառնա։
Դաշյանը՝ ամենահետաքրքիրը
Արտակ Դաշյանն արժե 5.5m և գրանցված է որպես կիսապաշտպան։ Բայց նա միայն կիսապաշտպան չէ։ Տարիներ շարունակ նա տեղափոխվել է կենտրոնական կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքերի միջև՝ ներառյալ չեմպիոնական մրցաշրջանում, և Օսեյանը վերադարձից հետո օգտագործել է նրան երկու դերում էլ։
Սա ավելի կարևոր է, քան թվում է, որովհետև չոր հաշիվը պաշտպանին բերում է 4 միավոր, կիսապաշտպանին՝ ընդամենը 1։ Այսինքն՝ եթե Դաշյանը մրցաշրջանն անցկացնի աջ պաշտպանի դիրքում, նա կկանգնի լիգայի ամենահուսալի պաշտպանության մեջ և դրանից գրեթե ոչինչ չի ստանա, միաժամանակ գոլերին էլ մոտ չլինելով․ հունվարյան վերադարձից հետո 589 րոպեում նա ո՛չ գոլ ունի, ո՛չ գոլային փոխանցում։
Իսկ եթե խաղա կենտրոնում, ապա 5.5m-ը երկակի չեմպիոնի համար կայացած թիմում էժան է։ Սա ակումբի միակ ֆուտբոլիստն է, ում արժեքն ամբողջովին կախված է նրանից, թե որ դիրքում հանդես կգա, իսկ նրա դեպքում մարզչի որոշումն իսկապես անկանխատեսելի է: Մինչ վերջնական ընտրություն կատարելը նայեք առաջին երկու տուրին։
Կենտրոնի մնացած մասի հետ զգույշ եղեք
«Փյունիկի» կենտրոնական կիսապաշտպանները անցած մրցաշրջանում արդյունավետ չեն եղել, և պատճառը թիմի կառուցվածքն է։ Կառլեն Հովհաննիսյանը խաղացել է 1,588 րոպե՝ առանց գոլի և առանց գոլային փոխանցման։ Սեադ Իսլամովիչը 16 անգամ մեկնարկել է և ունի ընդամենը մեկ գոլային փոխանցում։
Սա նրանցից ոչ մեկի հասցեին քննադատություն չէ։ Սա այն է, ինչ տեղի է ունենում կենտրոնական կիսապաշտպանների հետ 37 գոլ խփող և պաշտպանվելու համար կառուցված թիմում։ Հովհաննիսյանը 6.5m-ով նա է, ում շատերը կգայթակղվեն վերցնել, և մենք հասկանում ենք ինչու․ 21 տարեկան է, ունի հավաքականում երեք ելույթ և գոլ է խփել «Նոայի» դարպասը գավաթում։ Բայց առաջընթացը նախ պետք է երևա գոլերի ու գոլային փոխանցումների սյունակում, և առայժմ չի երևում։ Հովհաննես Հարությունյանը 8.0m-ով ակումբի ամենաթանկ կիսապաշտպանն է՝ «Նոայում» 690 րոպեի և զրո գոլի հիմքով։ Նա լավ ֆուտբոլիստ է, ով գալիս է իրեն իսկապես ուզող թիմ, բայց այդ գնի դիմաց դա շատ մեծ հավատ է։
Ընդհանուր կանոնը՝ վերցրեք «Փյունիկի» պաշտպանին, որովհետև «Փյունիկը» չոր հաշիվ է պահում, և նույն պատճառով մի՛ վերցրեք «Փյունիկի» կիսապաշտպանին։
Որտեղ են իրական գոլերը
Մոմո Յանսանեն 10.0m-ով ամենաթանկն է, և սա այս ակումբի միակ հարձակվողական գինն է, որ մենք կվճարեինք։ Յոթ գոլ 911 րոպեում՝ 0.69 գոլ 90 րոպեում, ինչը ակումբում լավագույնն է զգալի տարբերությամբ և ավելի լավ, քան «Նոայի» ցանկացած հարձակվողի ցուցանիշը։ Ընդ որում՝ նա դա արել է ռոտացիոն ֆուտբոլիստի կարգավիճակում։ Նուբիսիի հեռանալուց հետո նա անվիճելի հիմնական հարձակվողն է, և եվրագավաթային արշավը սկսեց Մալթայում 11 մետրանոց իրացնելով։
Յասոնաս Պիկիսը 7.0m-ով այլընտրանքն է, բայց սա ավելի շուտ խաղադրույք է, քան ընտրություն․ 50 հազար եվրոյով Կիպրոսից եկած ֆուտբոլիստ, ով հայկական ֆուտբոլում փորձ չունի և Մալթայում սկսեց նստարանից։
Ավելի աննկատ, բայց իսկապես արժեքավոր ընտրություն է Գևորգ Տարախչյանը՝ 7.5m։ Նա 19 անգամ մեկնարկել է, խփել երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում՝ պատշաճ արդյունավետություն այն թիմում, որն ամբողջ մրցաշրջանում խփել է ընդամենը 37 գոլ։ Հիմա երկու բան աշխատում է նրա օգտին։ Խավի Մորենոն և Օկանսին՝ նրանից առաջ եզրային ու հարձակվողական րոպեները վերցնողները, հեռացել են, ուստի նրա դերը միայն կմեծանա։ Եվ նա անցնում է որպես կիսապաշտպան, ինչը նշանակում է, որ նրա յուրաքանչյուր գոլն արժե 5 միավոր՝ 4-ի փոխարեն, և դրան գումարվում են չոր հաշվի միավորները՝ լիգայի ամենահուսալի պաշտպանությունում։
Մեր ընտրած երեքը



Այս երեքն արժեն 23.5m։ Եթե նախընտրում եք պաշտպանություն մտնել դարպասապահի փոխարեն կենտրոնական պաշտպանով, Վակուլենկոն կամ Ֆիլիպե Ալմեյդան 6.5m-ով նույն գործն են անում ընդամենը կես միլիոնով ավելի թանկ՝ 20-ական մեկնարկ լիգայի ամենահուսալի պաշտպանությունում, և նրանց միջև ընտրության պատճառ չկա։
Ազնիվ ամփոփումն այն է, որ «Փյունիկը» պաշտպանական ֆենթզի ակտիվ է։ Վերցրեք դարպասապահին կամ կենտրոնական պաշտպանին, վերցրեք Յանսանեին, եթե գոլեր եք ուզում, և զգույշ եղեք գրեթե բոլոր մյուսների հետ։
Ամփոփում
«Փյունիկը» Հայաստանում ամենաքիչ գոլն է բաց թողել, ավելի շատ հաղթանակ է տարել, քան արծաթե մեդալակիրը, և երկու անգամ «չոր» հաշվով կանգնեցրել է երկրի լավագույն հարձակումը։ Արտակ Օսեյանը գործը ստանձնեց Մելիքյանի՝ հավաքական մեկնելուց վեց օր անց և 25 խաղում հավաքեց 51 միավոր այնպիսի մեթոդով, որին երբեք մեկ գոլից ավելին պետք չեղավ։
Պաշտպանությունն իրական ուժ է, կենտրոնական գիծն այժմ իսկական խորություն ունի, բայց հարձակումը մնում է իրական խնդիր։